• Հոդվածներ
  • Հայերեն կրկնագրերը՝ բազմասպեկտոր ու հաղորդիչ լույսի կիրառմամբ լուսանկարման ներքո

Հայերեն կրկնագրերը՝ բազմասպեկտոր ու հաղորդիչ լույսի կիրառմամբ լուսանկարման ներքո

Յոստ Գիպերտ, Ձեռագրերի ուսումնասիրման կենտրոն, Համբուրգ
Ապրիլի 20, 2022

Հայերեն կրկնագրերը՝ բազմասպեկտոր ու հաղորդիչ լույսի կիրառմամբ լուսանկարման ներքո [1]

Վերջին ժամանակների տեխնոլոգիական առաջընթացը նորանոր հետաքրքիր հեռանկարներ է բացել ձեռագրագիտության, հատկապես` կրկնագրերի ուսումնասիրության համար: Կրկնագրերը ավելի վաղ, որպես կանոն՝ մագաղաթի վրա գրված ձեռագրեր են, որոնք հետագայում ջնջվել-լվացվել ու կրկնագրվել են: Բանասիրական ու լեզվաբանական տեսանկյունից հաճախ շատ ավելի արժեքավոր, քան վերնատեքստերը (նոր, հետագայի գիր), սկզբնատեքստերի (հին գիր) արդի հետազոտությունը երկար ժամանակ սահմանափակվում էր ուլտրամանուշակագույն լուսանկարմամբ, որը հնարավորություն է տալիս մեծացնելու գրանյութի ու լվացված թանաքի միջև հակադրությունը: Բազմասպեկտոր լուսանկարման ներմուծմամբ, սակայն, վաղ ժամանակների «կորսված» վկայությունների բացահայտման, վերծանման ու խմբագրման գործընթացը դրվեց անհամեմատ լավ հիմքերի վրա:

1 975-ին Սինա լեռան Սբ. Կատերինե վանքում հրդեհի ժամանակ պատերից մեկի փլուզման հետևանքով գաղտնի նկուղ բացվեց, ուր պահվում էին մինչ այդ անհայտ հարյուրավոր ձեռագրեր ու պատառիկներ («նոր գտածոներ»): Ամենակարևոր բացահայտումների շարքում էին երկու վրացերեն կրկնագիր ձեռագիր, որոնց սկզբնատեքստը գրված էր անհայտ լեզվով ու գրով: Հին գրի ճանաչումը տևեց շուրջ քսան տարի. պարզվեց, որ նորահայտ կրկնագրերը պարունակում են աղվաներենով պահպանված միակ ձեռագրից պատառիկներ: 1999-2008 թվականներին երկու միջազգային համագործակցություն նվիրվեց աղվաներենով սկզբնատեքստերի վերծանմանը [2] (նախ՝ ուլտրամանուշակագույն, ապա՝ բազմասպեկտոր լուսանկարման կիրառմամբ) և հրատարակմանը: Հաջող ջանքերի արդյունքում՝ 2009-ին գրեթե լիակատար խմբագրությամբ լույս տեսան երկու կրկնագրերի աղվաներեն տեքստերը՝ Աստվածաշնչյան բնագրեր երկու տարբեր ձեռագրից (մեկը՝ Հովանու ավետարան բովանդակող, մյուսը՝ Ճաշու ընթերցվածներ մյուս ավետարաններից, Թղթերից ու Եսայի մարգարեությունից - ընդհանուր՝ 121 էջ): [3] Վրացերեն երկու կրկնագրերը (Sin. georg. NF 13 և NF 55), սակայն, աղվաներեն տեքստից բացի, պարունակում էին սկզբնատեքստեր նաև գրաբարով (քանակով առաջինին զիջող՝ ընդհանուր 42 էջ): Պարզվեց, սրանք նույնպես սերում են երկու տարբեր ձեռագրից, որոնցից մեկը բովանդակում է Սողոմոնին վերագրվող հինկտակարանային գրքեր` Ժողովող, Երգ երգոց և Իմաստություն Սողոմոնի, մյուսը՝ Պողոսի թղթերը՝ եվթաղյան (Եվթաղ Ալեքսանդրացու) համաբարբառով: Չնայած անգամ բազմասպեկտոր լուսանկարման դեպքում խիստ սահմանափակ ընթեռնելիությանը՝ պատառիկների բովանդակությունը մանրամասնորեն վերծանվեց ու 2010 թ-ին հրատարակվեց առանձին հատորով [4] (հմմտ. Նկար 14 , որոնք ներկայացնում են մեկական պատճեն հայերեն երկու ձեռագրից՝ իրենց ներկա (առանց միջամտության) տեսքով և բազմասպեկտոր լուսանկարմամբ):

Ա յնուհանդերձ, ընթեռնելիության մակարդակը շատ դեպքերում խիստ անբավարար էր: Հետևաբար շատ ողջունելի էր, որ Սբ. Կատերինե վանքի կրկնագրերի լիակատար ուսումնասիրությանը նվիրված հաջորդ նախագծի շրջանակներում` [5] նոր եղանակ մշակվեց, ինչը հնարավորություն տվեց զգալիորեն բարձրացնել ընթեռնելիության մակարդակը: Կրկնագրերի ուսումնասիրության մեջ կիրառվող բազմասպեկտոր լուսանկարումը հիմնականում հենվում է սպեկտորի՝ տեսանելի և անտեսանելի հատվածներում տարբեր ալիքային երկարությունների տակ երևացող թանաքի (պիգմենտների) ուսումնասիրության, ինչպես նաև տարբեր պատկերների համադրման ու խաչաձև հաշվարկի վրա: [6] Սա հնարավորություն է տալիս, օրինակ, նվազեցնել վերնատեքստի տեսանելիությունը կամ ստանալ արհեստական-գունավոր պատկերներ՝ մեծացնելով հակադրությունը հին (սկզբնատեքստ) ու նոր (վերնատեքստ) տեքստերի միջև: Ուսումնասիրման այս եղանակները զգալիորեն բարելավվել են վերջին երկու տասնամյակում (տե՛ս նկար 56 , որոնք վերևում նկարագրված օրինակների արհեստական-գունավոր պատկերներն են): Առաջընթացի ամենաորոշիչ քայլը, սակայն, հաղորդիչ լույսի կիրառմամբ լուսանկարման համակարգի մշակումն էր, որն օգտվում է այն հանգամանքից, որ սկզբնատեքստի թանաքը (սովորաբար երկաթի հիմքով) ժամանակի ընթացքում քայքայում, «ուտում» է մագաղաթը ու գիր պարունակող հատվածների գրանյութը դարձնում համեմատաբար բարակ: Արդյունքում, երբ լույսի աղբյուրը տեղադրվում է մագաղաթի թերթի տակ, լույսն արձակվում է ավելի բարակ հատվածներից, այսիպիսով թույլ տալով ստանալ սկզբնագրի զգալիորեն ավելի պարզ ու ընթեռնելի պատկեր, քան բազմասպեկտոր լուսանկարումը թույլ կտար, քանի որ վերնատեքստն այս դեպքում ընդհանրապես չի երևում: Հաղորդիչ լույսի կիրառմամբ լուսանկարումը, սակայն, ունի մի թերություն, որը միաժամանակ առավելություն է. սովորաբար թանաքից քայքայումը մագաղաթյա թերթի միայն մի՝ «մսի» երեսի վրա է ներգործում: Հետևաբար, լույսի ցոլքը՝ լուսարձակումը ազդում է մագաղաթի միայն այս կողմի վրա. մագաղաթի մյուս՝ «մազի» (մորթի) երեսի համար լուսանկարման այս եղանակը սովորաբար անօգուտ է: Մյուս կողմից, սա նաև նշանակում է, որ «մազի» երեսի բաղադրիչները՝ գիրը, չեն խաթարում «մսի» երեսի լուսապատկերը: Այս եղանակով ստացված լուսանկարները կարող են հետագա` լրացուցիչ մշակման ենթարկվել՝ ավելի կիրառելի դառնալու համար (հմմտ. օր. նկար 78 ):

«Սինայի կրկնագրեր» նախագծի հարակից արգասիքներից էր նաև «նորահայտ գտածոների» շարքում 19 պատառիկի հայտնաբերումը: Դրանք, փաստորեն, պատկանում են վրացերեն երկու կրկնագիր ձեռագրի, որոնք իրականում վրացերեն միևնույն ձեռագիր մատյանից պահպանված հատվածներ են: [7] Պարզվեց՝ այս պատառիկների մեծ մասը ևս պարունակում է աղվաներեն կրկնագրեր: [8] Դրանցից առնվազն երկուսի սկզբնատեքստը, սակայն, հայերեն է. առաջինը՝ ներկայումս ցուցակագրված որպես Sin. georg. NF 55, fol. 61, պատկանում է մի վնասված էջի՝ արդեն խմբագրված Sin. georg. NF 13, fol. 95-ին, որը պարունակում է հատված հինկտակարանային Երգ երգոցից (7.12–8.2) [9] (տե՛ս. Նկար 910): Նկար 11 ու 12 -ում պատկերների համադրումը ցուց է տալիս, թե որտեղ է ի սկզբանէ զետեղված եղել հատվածը. հաղորդիչ լույսի պատկերից հստակ երևում է թերթի ա՝ այս դեպքում «մսի» երեսի տեքստը: Արդեն տեսանելի Երգ երգոց 7.13–8.2-ի տեքստը կարդացվում է այսպես (կանաչով նշված են այն միավորները, որոնք ընթեռնելի են Sin. georg. NF 13, էջ 95ա-ում, կարմիրով՝ Sin. georg. NF 55, էջ 61ա-ում, իսկ կապույտով՝ բացակայող-թափված միավորները, ուղղահայաց գիծը նշում է տողաբաժանումները. համեմատությունը հեշտացնելու համար կցված է նաև համապատասխան հատվածը Զոհրապյան Աստվածաշնչից):

No. Sin. georg. NF 13, 95r + NF 55, 61r Zohrab Bible
7.13 ետուն մանրագորք զհոտ իւրեանց ։ եւ | առ դուրս մեր ամենայն | մրգաբերք։ զնոր առ հ|նովն։ զոր ետ ինձ մայր | իմ եղբաւրորդի իմ պա|հեցի քեզ։ Մանրագո՛րք ետուն զհոտ իւրեանց. եւ առ դուրս մեր ամենայն մրգաբերք։ Զնոր առ հնով, զոր ետ ինձ մայր իմ, պահեցի՛ քեզ եղբօրորդի իմ։
8.1 ով տայր քեզ | եղբաւրորդի իմ դիտել | զստինս մաւր իմոյ։ գտե|ալ արտաքոյ համբուրե|ցից զքեզ։ եւ ոչ անգոս|նեսցես զիս Ո՛վ տայր քեզ եղբօրորդի իմ դիտել զստինս մօր իմոյ։ Գտեալ արտաքոյ՝ համբուրեցի՛ց զքեզ, եւ ո՛չ անգոսնեսցես զիս։
8.2 առեալ ածից | զքեզ ի տուն մաւր իմոյ | եւ ի սենեակ յղացելոյն | զիս ։ Առեալ ածից զքեզ ՛ի տուն մօր իմոյ՝ եւ ՛ի սենեակ յղացելոյն զիս։ ...

Կարելի է համեմատել երկու պատառիկների նաև բ երեսները (տե՛ս նկար 13): Բայց, ինչպես կանխատեսելի էր, հաղորդիչ լույսի պատկերն այս դեպքում չի ապահովում ընթեռնելի տեքստ, քանի որ պատառիկի բ երեսը տվյալ թերթի մազի երեսն է, իսկ ուրվագծվող տառերը ա երեսի տառերն են՝ հայելային անդրադարձմամբ: Տվյալ դեպքում՝ կրկնագրի վերծանման համար պետք է ապավինենք բազմասպեկտոր պատկերներին՝ պակաս հստակ, քան ա երեսի հաղորդիչ լույսի պատկերները (հմմտ. նկար 14), բայց բավարար ընթեռնելի՝ հաստատելու, որ բ երեսը համալրում է Երգ երգոցի 8.2–6-ի պակասող հատվածները: [10]

Ինչ վերաբերում է հայերեն երկրորդ նորահայտ պատառիկին՝ ցուցակագրված որպես Sin. georg. NF 55, fol 64 (տե՛ս նկար 1516), «Սինայի կրկնագրեր» նախագծի արհեստական-գունավոր լուսանկարները (տե՛ս նկար 1718) լիովին բավարար են պնդելու, որ մագաղաթի երկու երեսի սկզբնատեքստերը Պողոսի Եբրայեցոց թղթից է (համապատասխանաբար, Եբր. 11.36 և 12.3-4): Պատառիկն անմիջապես նախորդում է Sin. Georg. NF 13, էջ 62բ-ի տեքստին, [11] , քանի որ վերջինս սկսվում է Եբր. 11.35-ի վերջին երկու բառերով, որոնք բացակայում են Sin. georg. NF 55 էջ 64ա-ում (տե՛ս հատվածների համակցումը ստորև):

No. Sin. georg. NF 55, 64v + NF 13, 62v Zohrab Bible
11.35 ընկալան կանայք ի յարութենէ զմե|ռեալս իւրեանց։ | Կէսք կոշկոճեցան' | եւ չեւեւս ընկա|լեալ զփրկութիւն, զի լաւագոյն յարութե(ան) հասանիցեն։ ընկալան կանայք ՛ի յարութ(են)է զմեռեալս իւրեանց։ Կէսք կոշկոճեցան՝ եւ չե՛ւեւս ընկալեալ զփրկութի(ւն), զի լաւագո՛յն յարութե(ա)ն հասանիցեն։

Այնուամենայնիվ, պատառիկը չի կարող պատկանել Պողոսի թղթերը բովանդակող այն նույն կրկնագիր ձեռագրին, ինչից սերում է Sin. georg. NF 13, թերթ 62-ը, երկու պատճառով: Նախ՝ պատառիկի ուղղաձիգ երկաթագիրն ամբողջովին տարբերվում է Sin. georg. NF 13-ի ու 55-ի թերթերի (որոնք բովանդակում են հատվածներ Թղթերից) թեք երկաթագրից (հմմտ. նկար 1920 , որտեղ ներկայացված են նմուշներ Sin. georg. NF 13-ի 62բ և 63բ էջերից՝ արհեստական-գունավոր ու հաղորդիչ լույսի պատկերներով): Երկրորդ՝ պատառիկի տեքստը գոնե մասամբ համընկնում է Եբր. 11.35-12.4 հատվածի հետ, որը պահպանվել է Sin. georg. NF 13, թթ. 62 ու 63-ից կազմված երկծալ թերթում: Ասվածը տեսանելի դարձնելու համար՝ ստորև զուգահեռ ներկայացված ենք Եբր. 12.3-5 հատվածն այնպես, ինչպես կարդում ենք երկու պատառիկներում՝ Sin. georg. NF 55, 64բ և Sin. georg. NF 13 63բ-62ա էջերում:

No. Sin. georg. NF 55, 64b Sin. georg. NF 13, 62v-62r Zohrab Bible
12.3 ... լքանիցիք։ | ... լքանի|ցիք . ... լքանիցիք։
12.4 զի չեւեւս արեամբ | չափ պատերազմե|ալք հակառակ կացէք | մեղացն . զի չեւեւս արե||ամբ չափ պատե|ազմեալք հակա|ռակ կացէք մեղա|ցըն . զի չե՛ւեւս արեամբ չափ ատերազմեալք՝ հակառակ կացէք մեղացն,
12.5 եւ մո|ռացարուք ... եւ մոռացարուք ... եւ մոռացարուք ...

Անսպասելի էր բացահայտել, որ նորահայտ պատառիկը՝ Sin. georg. NF 55, թերթ 64-ը, ամենայն հավանականությամբ, սկզբնապես մաս է կազմել Սինայում կրկնագրված հայերեն երրորդ ձեռագրի: Ավելին՝ այն բովանդակում է Եբրայեցոց թղթի մեկ այլ տարբերակ: Բավական ուշագրավ է, որ սա եզակի ընդօրինակություն չէ: Այսպես, Եբր. 11.25–38-ի գրաբարյան հատվածը հանդիպում է Սինայի մեկ այլ կրկնագիր ձեռագրում՝ Sin. syr 7, 47բ-ի սկզբնատեքստում (հմմտ. նկար 2122; նույն ձեռագրի թ. 48-ը բովանդակում է Եբր. 10.21-35): Եբրայեցոց 11.14–33 հատվածը հանդիպում է նաև Սինայից դուրս՝ Բիրմինգհամի Մինգանայի հավաքածուի Chr. arab. Add. 124 պատառիկում (հմմտ. Նկար 2324): [12] Այսպիսով, այս պահին գրաբարով ունենք Եբրայեցոց թղթի 10-12 գլուխների առնվազն չորս կրկնագիր վկայություն:

Sin. georg. NF 55, fol. 64: Heb. 11.35 and 12.4–5

Sin. georg. NF 13, folios 62+63: Heb. 11.35–12.7

Sin. syr. 7, folios 47+48: Heb. 10.21–35 and 11.25–38

Birmingham, Mingana Chr. arab. Add. 124: Heb. 11.14–33.

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ հայերեն կրկնագրեր դեռևս ուսումնասիրված ու հրատարակված չեն, այնուամենայնիվ, հարց է ծագում՝ ինչո՞վ է պայմանավորված Եբրայեցոց թղթի` հաճախակի ջնջվել-լվացվելն ու կրկնագրվելը: Պատճառներից մեկը թերեւս այն է, որ Թուղթը սովորաբար զետեղվել է Պողոսի՝ առնվազն միաբաններին ուղղված թղթերի վերջում, այսինքն՝ հավանաբար տվյալ ձեռագրի վերջնամասում, հատված, որից հեշտությամբ առանձին թղթեր կամ պրակներ են առանձնացվել: Ձեռագրից անջատված այս թերթերը, եթե չեն վերամիավորվել մայր ձեռագրի հետ, ապա օգտագործվել են այլ նպատակներով, այդ թվում՝ կրկնագրվելու:

Ա յսպիսով՝ Սբ. Կատերինե վանքը միակ վայրը չէ, որտեղ հայերեն կրկնագրեր կարող են գտնվել: [13] 2017թ.-ին նոր նախագիծ մեկնարկեց՝ այս անգամ նվիրված Մատենադարանի կրկնագրերին: [14] Այստեղ պահվող կրկնագիր ձեռագրերի ստույգ թիվն առայժմ հստակ չէ: Այն տատանվում է շուրջ 50 կրկնագիր մատյանի՝ բաղկացած մոտ. 1500 թերթ (Մատենադարանի պաշտոնական թիվը) ու շուրջ 1000 կրկնագիր ձեռագրի միջև (նաև՝ 4500 պատառիկ): [15] Նախագծի մեկնարկից ի վեր՝ երկու ամբողջական ձեռագիր (ՄՄ1585 ու ՄՄ2130), բազմաթիվ պատառիկ պահպանակներ (օր.` ՄՄ470, ՄՄ647, ՄՄ1071, ՄՄ1306) ու որոշ ձեռագիր պատառիկներ (ձեռագրից պահպանված հատվածներ) են մշակվել բազմասպեկտոր լուսանկարման եղանակով: Հաղորդիչ լույսի կիրառմամբ լուսանկարման համակարգը ներդրվել է միայն վերջերս ու առայժմ տեսանելի արդյունք չի տվել: Պատկերացնելու համար, թե ինչ արդյունքներ կարելի է ակնկալել, բերեմ միայն երեք օրինակ:

ՄՄ1306 ձեռագրի համար, որը բովանդակում է Գրիգոր Տաթևացու Մաթևոսի Ավետարանի մեկնությունը, որպես ձեռագրի ենթակազմ՝ պահպանակ, օգտագործվել է չորս կրկնագիր (հայերենը հայերենի վրա) պատառիկ: [16] Վերնատեքստի (11-12-րդ դարյան բոլորգիր) ուսումնասիրությունից պարզվում է, որ ութ էջերն էլ պատկանում են միևնույն ձեռագրին՝ բովանդակությամբ Ճաշոց՝ ըստ Երուսաղեմյան ծեսի: Ութ էջերը, որոնք վերադասավորվում են հետևյալ հերթականությամբ՝ 3+2 – 4+1 | 7+6 – 8+5 (տե՛ս Նկար 2526), ներառում են ճաշու ընթերցումներ Պահքի Երկրորդ շաբաթվա Հինգշաբթի ու Ուրբաթ օրերի ու Երրորդ շաբաթվա Չորեքշաբթի օրերի համար: [17] Իսկ սկզբնատեքստը գրված է 9-10-րդ դարյան փոքր-ինչ թեք երկաթագրով, երկսյուն գրությամբ, որի վրա հորիզոնական գրվել է նոր գիրը: Այս հանգամանքը բավականին դժվարացնում է սկզբնատեքստի վերծանումը, քանի որ այն զգալիորեն քողարկված է վերնատեքստի տառերով: Չնայած դրան՝ սկզբնատեքստի բովանդակությունը ճշգրտվել է բազմասպեկտոր պատկերների շնորհիվ. այն նույնպես բովանդակում է Երուսաղեմյան Ճաշոց՝ հին ու նորկտակարանային ընթերցվածներով, սաղմոսներով ու փոխերով: Ճաշոցի այս տարբերակը, սակայն, առանձնահատուկ է նրանով, որ ներառում է նաև սրբերի վարքեր, որոնց հիշատակությունը նշվել է վերոնշյալ օրերին: Բացառությամբ վարքագրական այս տեքստերի, սաղմոսների ու փոխերի՝ Ճաշոցի բովանդակությունը մեծ մասամբ համընկնում է տպագիր ճաշոցների հետ: Հիշատակի կոնկրետ օրերն են՝ Մեհեկի (ձեռագրում՝ մեհկի) 20-23, իսկ հիշատակվող սրբերը՝ Սբ. Եղիշեն ու Սբ. Գևորգ Պաղեստինցին: [18] Կրկնագիր պատառիկ-պահպանակների բովանդակությունը կարելի է ամփոփել այսպես.

Հիշատակության օր Սաղմոս Հինկտակարանային ընթերցված Վարք Գործք առաքելոց Սաղմոս Ավետարան
20 Գաղ. 6.15–18 (չվերծանված) Մաթ. 24.30–35
22 Սղմ. 14.4 Եսայի 56.4–5 Սբ Եղիշե II Կորնթ. 1.8–11 114.1 Մաթ. 7.6–12
23 Սղմ. 117.1/6 Ովսեե 14.9–10 (Սբ. Գևորգ)

Ճաշոցի կառուցվածքն ու ոճը տեսանելի դարձնելու համար, թերևս, բավական է մեջբերել մի քանի հատված:

Էջ 2բ-ում կարդում ենք Մաթ. 24.35-ի վերջին հատվածը, որին հաջորդում է մեհեկի 22-ի խորագիրը (տե՛ս նկար 2728): [19]

Մատթ. 24.35 (... երկինք եւ երկիր անցցեն եւ բանք) իմ մի անցցեն (...Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց խոսքերը) իմ չեն անցնի
Խոր. Մեհկի 22 Մեհկի ի՟բ Սրբոյն Եղիշայի Եւ այս կանոն կատարի Սաղմոս ժ՟դ Կցուրդ Զերկիւղածս իւր տ՟ր փառաւոր առնէ Ընթերցուած Յեսայեայ մար|գարէի [20] Մեհկի 22, Սուրբ Եղիշեի: Եվ այս կանոնն է կատարվում. Սաղմոս 14, Կցուրդ: «Տերը փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն իրենից»: Ընթերցվածք Եսայի մարգարեից:

Սբ. Եղիշեի Վարքը, որ հիմնականում համապատասխանում է Ղևոնդ Ալիշանի տպագրին [21] , սկսվում է 1ա-ից՝ հետեւյալ տողերով (տե՛ս Նկար 2930):

Պատմի վասն սրբոյն Պատմում են, որ Սուրբ
եղիշէի թե էր զինու Եղիշեն զին-
որեալ սրբոյն վարդա վորն էր Սուրբ Վարդա-
նայ եւ սպասաւորէր… [22] նի և ծառայում էր...”

Վարքի վերջնատողը 6ա-ում կարևոր է, քանի որ այն ուղղակիորեն նշում է ամսաթիվը՝ Մեհեկանի 21, այսպիսով թե՛ թվով, թե՛ ամսանվամբ տարբերվելով վերնագրից, որի ներքո ներկայացված է տեքստը: Կարդում ենք (տե՛ս Նկար 3132):

Եւ տաւն մեծ կատարե Եւ մեծ տոնով նշվում էր
ին զաւր փոխման եր Երանելիի մահվան հիշատակության օրը՝
անելւոյն ի քսան եւ քսանմեկին
ի մին մհեկանի ամսե Մեհեկան ամսվա,
ան ի փառս եւ ի գով հանուն փառքի ու գովության
ութիւն հաւր… [23] Հոր...

Մեհեկան 23-րդի խորագիրը 8բ-ում է: Այս դեպքում ևս՝ ընթերցվածը համընկնում է այլ ճաշոցներին՝ բացառությամբ Սաղմոսի բացակայող սկսզբնատողի: [24] Նաև՝ սխալմամբ հղում է արվում Հովել մարգարեին՝ Ովսեի փոխարեն: [25] Կարդում ենք (տե՛ս նկար 3334):

Մեհկի ի՟գ Սրբոյն Գէորգեայ Մեհկի 23. (Հիշատակություն) Սուրբ Գէորգի
Սաղմոս ճ՟ժէ Կցուրդ : տ՟ր է իմ աւգ Սաղմոս ՃԶԷ (117) Կցուրդ: «Տերն օգնականն է իմ
նական եւ ես ոչ երկնաց զի արաս և ես չեմ երկնչի. մարդն ինձ ի՞նչ կարող է անել»։
ցէ ինձ մարդ Ընթերցու յովելի մագարգէ Ընթերցվածք Հովել մարգարեից.
Այսպէս ասէ տ՟ր Զի՞ եւս կ|(այ նորա ...) «Տերն այսպես է ասում. Զի՞ եւս կայ նորա...»

Այսպիսով, կարող ենք ամփոփել, որ ՄՄ1306 ձեռագրի պատառիկ-պահպանակները Ճաշոցի բավականին ինքնատիպ տարբերակ են փոխանցում, որում սրբերի կյանքն ուղեկցվում է սուրբգրային ընթերցվածքներով: [26] Սբ. Եղիշեի Վարքը այդ տեքստի առ այսօր հայտնի, թերևս, ամենահին վկայությունն է: Ճաշու ընթերցվածքները նույնական են հետագա ճաշոցների հետ, ի տարբերություն սաղմոսների (փոխերի, ալելուաների), որոնք ոչ միշտ են համընկնում:

Երկրորդ օրինակը ՄՄ647 ժողովածուի երկթերթ պատառիկ-պահպանակն է, [27] որը մանրակրկիտ լվացվել, բայց կրկնագրվել է միայն մասամբ՝ փոքրաչափ տառերով, [28] թերևս 19-րդ դարի շղագրով (տե՛ս Նկար 3536): Սկզբնատեքստը, գրված մոտ. 9-րդ դարի ուղղաձիգ երկաթագրով, հատված է Թեոդորետոս Կյուրացի անտիպ «Սաղմոսների Մեկնություն»-ից, մասնավորապես՝ Սաղմոս ԽԴ (44)-ի մեկնությունից: Բնագրի մասին պատկերացում տալու համար բավարար է մեջբերել մի քանի տող սկզբնատեքստից, որն այս դեպքում ևս բնագրի՝ մեզ հայտնի թերևս ամենահին վկայությունն է: [29]

… եւ արեալ փոփոխմունս ... եվ կատարեց փոփոխություն
եւ նորոգութիւն ամենայն հեթա և նորոգություն բոլոր
նոսաց . եւ պաշտամանց նոցա : հեթանոսների ու նրանց պաշտամունքների մեջ:
Որպէս եւ ասաց վերնագիրս թե Եվ ինչպես խորագիրն է ասում`(Սաղմոս օրհնութեան վասն)
սիրելւոյ սիրելի կոչէ . զմի Սիրելիի. (մեկն.) Սիրելի է կոչում
ածին որդին ա՟յ . քանզի այսպէս Աստուծու Միածին Որդուն, քանզի այսպես
մարգարեաց … մարգարեացավ...

Մատենադարանում պահվող կրկնագրերից ոչ բոլորն են հայերենով: Նմանօրինակ ձեռագրերից է ՄՄ1071-ն, որը բովանդակում է Մեսրոպ Մաշտոցի գործերը: [30] Ձեռագրի պատառիկ-պահպանակների վերնատեքստը՝ գրված մոտ. 15-րդ դարի փոքրատառ նուսխուրիով, բովանդակում է հատված Կոստանդնուպոլիսյան ծեսի ճաշոցից՝ Պահքի Վեցերորդ շաբաթվա Ուրբաթ օրվա ընթերցվածքներ: [31] Սկզբնատեքստը՝ նույնպես վրացերենով (9-րդ դարի ասոմթավրուլի գլխագրեր), ներկայացնում է ճաշոց, բաց այս անգամ հին՝ Երուսաղեմյան ծեսով: Ձեռագրի սկզբնամասի պատառիկ-պահպանակի ճաշու ընթերումները՝ Ելից 4.19-6.13 և Հովել 2.21–27, թույլ են տալիս հատվածը վերագրել Պահքի Երրորդ շաբաթվա Հինգշաբթի օրվան: [32]

Վստահաբար, Մատենադարանի կրկնագրերի հետագա հետազոտությունների շնորհիվ Հայաստանի և հարակից շրջանների գրավոր մշակույթի նորանոր կարևոր վկայություններ կբացահայտվեն, որոնք, շնորհիվ տեխնոլոգիական ընթացիկ առաջընթացի, առաջին անգամ հնարավոր կլինի վերծանել ու ուսումնասիրել:

Գրականություն

  • Ališan, Łevond (1901): Ղեվոնդ Ալիշան, Հայապատում. Պատմիչք և պատմութիւնք հայոց [հ. Ա]. Վենետիկ: Ս. Ղազար.
  • Banouchyan, Arshak (2002): “The Armenian and Greek Fragments and Palimpsests of the Matenadaran collection”, in Dieter Harlfinger, Jana Grusková, Daniel Deckers, Koen Vanhaegendoren (eds), Rinascimento virtuale. Digitale Palimpsestforschung. Perspektiven des Netzwerks in den Beitrittsländern, Bratislava: Univerzita Komenská, 90–93.
  • Brock, Sebastian P. (1965): “An Early Armenian Palimpsest Fragment of Hebrews”, Revue des études armeniennes, N.S. 2, 129–134.
  • Brock, Sebastian P. (1969): “Notes on Some Texts in The Mingana Collection”, Journal of Semitic Studies 14 (2), 205–226.
  • Eganyan, Ōnik / Zeytunyan, A. / Antabyan, P. (1965): Ցուցակ զեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա, կազմեցին Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անքաբյան. Երեվան: Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն / Каталог рукописей Матенадарана имени Маштоца, т. I, составили О. Еганян, А. Зейтунян, П. Антабян. Ереван: Издательство Академии Наук Армянской ССР.
  • Eganyan, Ōnik (2007): Օ. Եգանյան, Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. 3. Երեվան: Մատենադարան.
  • Eganyan, Ōnik (2008): Օ. Եգանյան, Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. 4. Երեվան: Մատենադարան.
  • Gigineišvili, Bakar / Giunašvili, Elguǯa (1979): შატბერდის კრებული X საუკუნისა. გამოსაცემად მოამზადეს ბ. გიგინეიშვილმა და ელ. გიუნაშვილმა. თბილისი: მეცნიერება / Шатбердский сборник X века, подготовили к изданию Б. К. Гигинеишвили и Э. А. Гиунашвили. Тбиилси: Мецниереба.
  • Gippert, Jost (2007): “The Application of Multispectral Imaging in the Study of Caucasian Palimpsests”, Bulletin of the Georgian National Academy of Sciences /საქართველოს მეცნიერებათა ეროვნული აკადემიის მოამბე 175 (1), 2007, p. 168–179.
  • Gippert, Jost (2010): The Caucasian Albanian Palimpsests of Mount Sinai. Vol. III: The Armenian Layer, Turnhout: Brepols (Monumenta Palaeographica Medii Aevi, Series ibero-caucasica, 2/3).
  • Gippert, Jost (2020): “An Early Witness of the Armenian Lectionary”, in: Bernard Outtier, Cornelia B. Horn, Basil Lourie, Alexey Ostrovsky (eds), Armenia between Byzantium and the Orient. Celebrating the Memory of Karen Yuzbashian (1927–2009), Leiden: Brill, 97–111.
  • Gippert, Jost (forthcoming): “New Light on the Caucasian Albanian Palimpsests of St. Catherine’s Monastery”, in: Claudia Rapp, Jana Gruskova, Grigory Kessel, Giulia Rossetto (eds), New Light on Old Manuscripts: Recent Advances in Palimpsest Studies. Vienna.
  • Gippert, Jost / Sarjveladze, Zurab / Kajaia, Lamara (2007): The Old Georgian Palimpsest Codex Vindobonensis georgicus 2, Turnhout: Brepols 2007 (Monumenta Palaeographica Medii Aevi, Series ibero-caucasica, 1).
  • Gippert Jost / Schulze Wolfgang / Aleksidze Zaza / Mahé Jean-Pierre (2009): The Caucasian Albanian Palimpsests of Mount Sinai. I–II. Turnhout: Brepols (Monumenta Palaeographica Medii Aevi, Series ibero-caucasica, 2/1 and 2/2).
  • Mingana, Alphonse (1939): Catalogue of the Mingana Collection of Manuscripts. III: Additional Christian Arabic and Syriac Manuscripts. Cambridge: Heffer and Sons.
  • Renhart, Erich (2015): Ein spätantikes Los-Buch. Die Handschrift 2058/2 der Universitätsbibliothek Graz – ein armenisches Palimpsest. Graz: Unipress-Graz.
  • Renoux, Charles / Sirinian, Anna (2018): Una nuova tappa del čašocʿ (lezionario armeno). Il manoscritto Arch. Cap. S. Pietro B 77. Città del Vaticano: Biblioteca apostolica vaticana (Studi e testi, 524).
  • Tarchnischvili, Michel (1959): Le grand lectionnaire de l’église de Jérusalem. I. Louvain: Secrétariat du CorpusSCO (Corpus scriptorum christianorum orientalium, 188; Scriptores iberici, 9)

Ծանոթագրություններ

  1. Սույն հոդվածը մաս է կազմում նախագծի, որը ֆինանսավորվել է Ֆոլքսվագեն հիմնադրամի կողմից (նախագիծ «Մատենադարանի կրկնագրերը», դրամաշնորհ հմ. 93304), Եվրոպական Հետազոտական Խորհրդի (ԵՀԽ) կողմից՝ Եվրոպական Միության «Հորիզոն 2020» հետազոտական և նորարարական ծրագրի շրջանակներում (դրամաշնորհի համաձայնագիր հմ. 101019006) և Գերմանական Հետազոտական Հիմնադրամից (DFG, Deutsche Forschungsgemeinschaft) Գերմանիայի գերազանցության ռազմավարության ներքո - EXC 2176. «Գրավոր արտեֆակտների ըմբռնումը. նյութը, փոխազդեցությունը և փոխանցումը ձեռագրերի մշակույթներում» (Նախագիծ հմ. 3769): Սույն հոդվածի նախնական տարբերակը ներկայացվել է ՝՝Թվային Հայաստան՝՝ կոնֆերանսին, Փարիզ, 4.10.2019:
  2. «Կովկասյան լեզուներ եւ մշակույթներ. էլեկտրոնային փաստաթղթավորում» (ARMAZI), 1999–2002 եւ «Կովկասյան ծագման կրկնագիր ձեռագրերը», 2003–2008 նախագծերը, երկուսն էլ սիրահոժար կերպով ֆինանսավորվել են Ֆոլքսվագեն հիմնադրամի կողմից։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում Զազա Ալեքսիձեին եւ Ժան-Պիեռ Մահեին, ովքեր նախաձեռնել են նախագծերը, Գիորգի Ալեքսիձեին, ով տրամադրել է ստորեւ ներկայացված լուսանկարներից մի քանիսը, եւ Վոլֆգանգ Շուլցեին եւ Մանանա Տանդաշվիլիին, որոնց հետ ես ամենաշատն եմ համագործակցել եմ վերծանման գործում:
  3. Գիպերտ et al. (2009).
  4. Գիպերտ (2010).
  5. ՝՝Սինայի կրկնագրեր նախագիծ՝՝, տե՛ս sinaipalimpsests.org: Իմ երախտիքն եմ հայտնում Կլաուդիա Ռապպին, Մայքլ Ֆելփսին եւ նրանց թիմին, ովքեր տրամադրեցին ստորեւ ներկայացված լուսանկարները:
  6. տե՛ս Գիպերտ (2007a: xxxii–xxxiv) եւ Գիպերտ (2007b: 168–179) ենթադրվող մեթոդների վերաբերյալ մանրամասների համար:
  7. տե՛ս Գիպերտ եւ այլք. (2009: I-3–5) մանրամասների համար:
  8. տե՛ս Գիպերտ (նախապատրաստվող, [8–12]) մանրամասների համար:
  9. տե՛ս Գիպերտ (2010: IV-48–51):
  10. տե՛ս Գիպերտ (2010: IV-50–51):
  11. տե՛ս Գիպերտ (2010: III-14–15):
  12. Պատկերները տրամադրված են Բիրմինգհեմի համալսարանի կողմից՝ epapers.bham.ac.uk/91/ կայքում տեղադրված նկարագրության հետ մեկտեղ: Բովանդակությունը նախ որոշվել է որպես Եբր. 11.15–32 Ս. Պ. Բրոկի կողմից (1965: 129–134 եւ 1969: 224 n. 6-ով): Վեբ կայքում առկա սխալ գաղափարը, որ ենթաշերտում եղած գիրը հանդիսանում է «իրավական տեքստ հայերենով», ակնհայտորեն հիմնված է Մինգանաի (1939: 20) աշխատության վրա, ով նշում է հմ. 166. «Տակ-գիր. Աստվածաշնչային չէ. Հնարավոր է՝ իրավական օրենսգրքի պատառիկ»։
  13. Այլ օրինակներ են Ավստրիայի Գրացի համալսարանի գրադարանի 2058/2 ձեռագիրը, վրացական կարեւոր սաղմոսարանային կոդեքս՝ հայերեն ենթագրով (underwriting), որը ներառում է աստվածաշնչյան տեքստեր (Հովհաննեսի Ավետարանից), ինչպես նաեւ մոտ 300 ճակատագիր նկարագրող նախադասությունների հավաքածու («Lossprüche», տես՝ Ռենհարտ 2015) կամ Հունաստանի Ազգային գրադարանի EBE 637 ձեռագիրը, Աթենք, հունարեն կրկնագրերի կոդեքս, որն իր ենթատեքստում (undertext) պարունակում է հատվածներ Երուսաղեմի ծեսի դասական հայերենով գրված ճաշոցից (տե՛ս Գիպերտ, 2020 թ.):
  14. Նախագիծը ֆինանսավորվել է Ֆոլքսվագեն հիմնադրամի կողմից 2017-ից 2022 թվականներին: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Վահան Տեր-Ղեւոնդյանին, Գեւորգ Տեր-Վարդանյանին, Գուրգեն Գասպարյանին եւ Մատենադարանի նրանց թիմին, ովքեր տրամադրել են ստորեւ ներկայացված նկարները, եւ Իվան Շեւչուկին: Ձեռագրերի մշակույթների ուսումնասիրության կենտրոն, Համբուրգ, ով մեզ հետ կիսվեց իր փորձով:
  15. Բանուչյան (2002).
  16. տե՛ս Եգանյան եւ այլք (1965: սյունակ 522 եւ 2008: հմ. 1306):
  17. Ավելի ստույգ՝ էջ 3+2 եւ 4+1: Եր. 2.31–36 + 2.37–3.6–10՝ Երեմ. 2.31–3.16 հինգշաբթի օրվա ճաշոցից; էջ 7+6 եւ 8+5. Հոբ 9.20–32 ճաշոցից, որը ներառում է 9.2–10.2 եւ Is. 40.9–17 2-րդ շաբաթվա ուրբաթ օրը; Օրինակ՝ 2.23 2.23–3.15 3-րդ շաբաթվա չորեքշաբթի օրվա ճաշոցից:
  18. Տե՛ս. Ռենո / Սիրինիան (2018: 162) նույն ժամանակահատվածի համար, ինչ պարունակվում է Վատիկանի առաքելական գրադարան Արխիվ Գլուխ Պիետրո Բ 77 ձեռագրում:
  19. Արխիվ Գլուխ Ս. Պիետրո Բ 77, fol. 227 ձեռագրում սխալմամբ անվանվում է 11-րդը 21-րդ meheki-ի փոխարեն; տես. Ռենո / Սիրինիան (2018: 162 հ. 555-ի հետ) եւ BAV-ի տրամադրած պատկերը digi.vatlib.it/pub/digit/MSS_Arch.Cap.S.Pietro.B.77/iiif/Arch.Cap.S.Pietro.B.77_0459_fa_0227r.jp2/full/1163,/0/native.jpg: Տես. ստորեւ՝ ամսաթվի վերաբերյալ:
  20. Բացառությամբ ամսաթվի տարբերության, Արխիվ Գլուխ Ս. Պիետրո Բ 77, fol. 227rb-ը mehki-ի փոխարեն օգտագործվում է meheki, Եղիշե վարդապետի փոխարեն՝ Սրբոյն Եղիշե, եւ բաց է թողնում սաղմոսի համարը։
  21. Ալիշան (1901: 430–434).
  22. Ալիշանը օգտագործում է երանելի Եղիշե վարդապետ՝ սրբոյն Եղիշեի փոխարեն: Արդյոք թվագրելու համար վարդապետ տիտղոսի ավելացումը նշանակալի է, թե ոչ, դեռ ուսումնասիրված չէ:
  23. Ալիշանի աշխատությունում (1901: 434) տեքստը էապես կարճ է, տարեթիվ ընդհանրապես չի տրվում. ew tōn mec awangēin zōr katarman Eranelwoyn, i pʿars ew i govowtʿiwn hōr...
  24. Արխիվ Գլուխ Ս. Պիետրո Բ 77, fol. 228r ձեռագիրը տալիս է xostovan որպես սկիզբ, այսպիսով որոշելով Սաղմոսը որպես 117.1:
  25. Տե՛ս Ռենո / Սիրինիան (2018: 162 հ. [167]):
  26. Շ. Ռենոն՝ ճաշոցների սովորույթի մասնագետ, հաստատում է. “Ce n'est que rarement que j'ai rencontré des Vies parmi les lectures” (e-mail of 12th Sept., 2019).
  27. Տե՛ս Եգանյան եւ այլք (1965: սյունակ 372):
  28. Տե՛ս Եգանյան եւ այլք (2007: հ. 647):
  29. Հատվածը համապատասխանում է այսպես կոչված Շատբերդի կոդեքսում առկա վրացական տարբերակին (մս. S-1141, Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի), տե՛ս Գիգինեիշվիլի / Գիունաշվիլի (1979: 389, ll. 12–16):
  30. Տե՛ս Եգանյան եւ այլք (1965: սյունակ 469):
  31. Ավելի ճիշտ՝ Ծննդ. 50.17–25, Սաղ. 124.1 + 2, եւ Առակ. 31.8–17։
  32. Այն համապատասխանում է համարներ 414 եւ 416-ին, այսպես կոչված, «Փարիզյան ճաշոց», տե՛ս. Տարչնիշվիլի (1959: 69):

Հոդվածի հեղինակ՝ Յոստ Գիպերտ, Ձեռագրերի ուսումնասիրման կենտրոն, Համբուրգ

Անգլերենից թարգմանեց Փիրուզ Հայրապետյանը, ծանոթագրությունները անգլերենից փոխադրեց Հայկ Ալեքսանյանը